Մերձավորարևելյան տարածաշրջանը մեծ պատերազմի շեմին է, որն «ինչ-որ մեկը շատ-շատ է ցանկանում»՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում։ «Պաղեստինա-իսրայելական հակամարտության չկարգավորվածությունը ապակայունացնող ազդեցություն է թողնում ողջ տարածաշրջանի վրա։ Ճգնաժամը Գազայի շուրջ դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կատալիզատոր»,- հայտարարել է նա։               
 

Վերջին արևածագն էր...27.09.2020

Վերջին արևածագն էր...27.09.2020
28.09.2024 | 08:14

Չորս տարի առաջ այս ժամերին` դեռ լույսն էլ չբացված սկսվել էր պատերազմ:

ՈՒղիղ մեկ տարի առաջ այս օրերին հայաթափվեց Արցախը:

Թշնամին բռնազավթեց Արցախը, և այսօր շարունակում է պատերազմը մեր մշակութային ժառանգության դեմ` ջնջելով մեր քաղաքակրթական հետքերը մեր իսկ պատմական բնօրրանում` Մեծ Հայքի 10-րդ նահանգ Արցախում։

Պատերազմը շարունակվում է հայ ժողովրդի քաղաքակրթական ներկայության և գոյության դեմ:

Եվ այս հարաճուն աղետների շղթան մի անուն ունի` անհայրենիքների մի խմբակ, որի համար Հայոց պատմությունը մերժելի է, իսկ հայոց նոր սերունդը պիտի սովորի «Հայաստանի պատմություն», որտեղ չկա Արցախը, չկան մեր երբեմնի հզոր թագավորությունների պատմությունները, որոնք ընդգրկել են նաև Արևմտյան Հայաստանի տարածքները, էլ չասենք` Կիլիկիան:

Սա մի խմբակ է, որի ստեղծած «դասագրքերը» հայոց նորահաս սերնդին պարտադրում է կարդալ ցեղասպան հարևանի` հայատյացության քարոզիչ «գրողներին» և իրենց զգալ «մի տանիքի տակ», իբրև թե չի եղել մեր նախնիների երբեմնի փառավոր անցյալը և որ մենք չունենք հայրենիք ու հանգիստ կարող ենք «ապրել» քնած հայ սպային հրեշավոր սպանության ենթարկած ցեղի հետ համերաշխ:

Սա մի խմբակ է, որը հայ մարդուն հասցրեց այն հանգրվանին, որ սեփական ձեռքերով այրի իր տարիներով կառուցած տունը ու լքի պապերի բնօրրանը: Մինչդեռ անգամ Հայոց ցեղասպանությունից հետո արևմտահայ մեր պապերը Էրգրի տան բանալիներն իրենց հետ էին տանում` հավատալով, որ վերադառնալու են... ու այդ բանալին փոխանցում էին իրենց զավակներին ու թոռներին: Այս մասին պատմական վկայություններ որքան ասեք կան:

Այսօր` պատերազմի տարելիցից օրեր առաջ ազատագրված Արցախը թշնամուն հանձնողը դեռ Նյու Յորք է գնում և հանդիպումներ իրականացնում մեր ցեղասպսն հարևան երկրի պաշտոնյայի հետ, և սա էլ բավական չէ, լուսանկարվում է նրա գրած գրքի հետ` այն էլ կրծքին սեղմած, վերնագիրն էլ` «Ավելի արդար աշխարհ հնարավոր է...»։

Ո՞րն է «արդար, աշխարհը ըստ մեր թշնամու պատկերացումների:

Եվ տեսնես այդ ի՞նչ էր մակագրել, որից այդպես հրճվել էր...

Մեր թշնամին «արդար աշխարհ» ասելով` հասկանում է տարածաշրջան, որտեղ այլևս չի լինելու իր Հողում տեղաբնիկ հայը։ Եվ թշնամու կարծիքով Արցախը բռնազավթելը դրա սկիզբն է։ Այսպիսի գի՞րքն է ոմն մեկին այդքան ուրախացրել։

Այդ ի՞նչ «արդարության» մասին պիտի գրած լինի մի երկրի առաջնորդ, որի պատմությունը ցեղասպանությունների պատմություն է. պետություն, որը ոչ միայն իրականացրել է ցեղասպանություններ, այլև այսօր էլ հովանավորում ու մարզում է ահաբեկչական խմբերի ու արտահանում ցեղասպանություն, ինչի արձագանքները կան Մերձավոր Արևելքում:

Այդ ո՞ր «արդարության» մասին է գրել մի պետության առաջնորդ , որ պատերազմից առաջ հայ ժողովրդին «թրի մնացորդ» էր անվանում, իսկ սույն գիրքը այդպես կրծքին սեղմած կերպարը չէր էլ արձագանքում, քանի որ արդեն շատերիս էր պարզ , թե ինչպիսի ուժի հետ գործ ունենք:

Եվ այսօր, երբ պատերազմի տարելիցին ժողովուրդը, անմահացած հերոսների ընտանիքները Եռաբլուրում էին, այս խմբակի ներկայացուցիչներին իմ կոլեգաները հարցեր էին ուղղել սույն անձի ամերիկյան «շրջագայության» և հատկապես այս դրվագի մասին, որ օրեր շարունակ իմ հարգելի ընկերների էջերից չի իջնում։

Պատասխանն ավելի քան թրքաբարո էր.

-Մենք պետք է բոլոր հարևանների հետ լավ լինենք:

Բոլո՞ր...

Այո, ճիշտ ենք լսել։ Իրենց համար Հայաստանի հարևանները ,երևի , Շվեյցարիայի նման երկրներ են, չի եղել Հայոց ցեղասպանություն։

Եվ այս խոսքը հնչում է մեզ համար սրբություն Եռաբլուր պանթեոնում, որտեղ մեր բոլոր ժամանակների պատերազմների հերոսներն են, մեր անմահների գունդն է։

Մեր հերոսների պատկերները միշտ են աչքիս առաջ, որոնց շարքերում անմահացավ նաև քեռուս 19-ամյա տղան` մեր ժպտացող հրետանավոր Կոլյան, ով պատերազմի դաշտից ծնողներին ասում էր.

- Ես իմ եղբայրների հետ եմ... Հենց պատերազմը վերջանա, բոլորդ գալու եք , որ տեսնեք, թե ինչ հողեր ենք պահել:

Հող պահող քանի՞ հազար հերոսներ չվերադարձան, որոնց լուսավոր պատկերներն ամեն օր մեր աչքի առաջ են, այսօր էլ` հատկապես:

Եվ այս հերոս տղաների զորամասում` Եռաբլուրում դասալիք անհայրենիքներն ասում են, թե պիտի «հարևանների հետ լավ լինենք, խաղաղության դարաշրջան հաստատենք»։

Խաղաղություն չկա, քանի դեռ չի հաստատվել մե՛ր պատկերացրած արդարությունը` մեր Հայրենիքի իրակա՛ն սահմաններով։ Իսկ թշնամու օրակարգը սպասարկող բոլոր անհայրենիքները պատասխան են տալու...

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 229

Մեկնաբանություններ